Թեղնիս լեռի արշավը

Արշավը սկսեցինք Աղվերանից:

Մինչ շարժվելը, մի գյուղացի մեզ ուտելու խոտի տեսակներ ցույց տվեց, որոնք ամեն քայլափոխին աճում էին և շատ համով էին: Այդպես սկսվեց մեր արշավը…

Սկզբում եղանակը լավն էր: Քայլում էինք անտառային արահետով` բարձր ծառերի ստվերի տակ: Գագաթը դեռ չէինք տեսնում: Երբ հասանք լերկ սարերին, բացվեց շրջակա տեսարանը ու հեռվում երևացին սպիտակ գագաթները, որոնց թվում էր նաև Թեղենիսը…

Մինչ գագաթը դեռ երկար ճանապարհ կար: Պատահեցին մողեսներ, օձեր ու, միջատներով սնվող` «գիշատիչ» բույսեր: Երկար քայլելուց հետո ամպերը սկսեցին մանր կաթալ: Քիչ անց, միանգամից մթնեց…

Անձրևը ուժեղացավ: Բավականին բարձր էինք, և տեղանքը շատ «կայծակնավտանգ» էր: Արագ քայլերով ուղղվեցինք դեպի մոտակա բլրի ստորոտը: Ընթացքում անձրևը շատ ավելի ուժեղացավ, ահավոր ցրտեց ու ամենուրեք սկսեցին որոտալ կայծակները:

Արդեն վազելով հասանք բլրին, արագ ծածկվեցինք մեծ պոլիէթիլենի կտորով ու որոշեցինք սպասել ամպրոպի ավարտին: Դա էր այս արշավի ամենահետաքրքիր ու հիշարժան հատվածը…

Սպասեցինք մոտ 30 րոպե, որոնց ընթացքում հասցրեցինք հաց ուտել մեր արհեստական պատյանի տակ: Երբ դուրս եկանք, անձրևը դեռ կաթկթում էր, սակայն կայծակի վտանգն անցել էր: Շարունակեցինք մեր քայլերը դեպի գագաթ:

Կատարային հատվածից սկսեցին երևալ Ապարանի ջրամբարը, Արագածի չորս գագաթներն ու Արալեռը: Մյուս կողմում երևում էին Սևանա լիճը, Գեղամա լեռնաշղթան ու Ծաղկանց սարը (Ծաղկաձորի ճոպանուղու սարը): Մինչ գագաթը մնում էր ոչ երկար, սակայն կտրուկ վերելք:

Մոտենալուն պես, նորից ցրտեց ու ամպը ծածկեց: Սակայն գագաթում օդանավագնացային կայան կար և շանթարգելներ էին կանգնեցված: Երբ հասանք գագաթին, կայանի աշխատողները մեզ կանչեցին իրենց տնակը: Հանգստացանք, նկարվեցինք ու սկսեցինք իջնել:

Ինչպես պլանավորել էինք, հասանք Թեղենյաց վանքին (VIIIդ.) և իջանք Բուժական գյուղը: Ընդհանուր առմամբ քայլեցինք 21,5 կմ:

 Image

Leave a comment